Աշխատանքային միգրանտները պետք է մնան Ռուսաստանում՝ խստորեն պահպանելով իրենց աշխատանքային պայմանագրերի պայմանները, իսկ աշխատանքն ավարտելուց հետո լքեն երկիրը՝ հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը: Ըստ նրա՝ այդ միջոցառումը կօգնի կանխել բախումները և մեղմել հասարակության մեջ լարվածությունը։               
 

Երեխան և գիրքը՝ հայի համար ամենաթանկ բաներն աշխարհում

Երեխան և գիրքը՝ հայի համար ամենաթանկ բաներն աշխարհում
26.10.2025 | 13:45

Ինչու՞ են հայերը գաղթի ժամանակ կյանքի գնով փրկել սպանված ծնողների երեխաներին ու գրքերը։

Օտարների համար գուցե զարմանալի թվար պատասխանների գրեթե միանմանությունը, իսկ հայի համար` լիովին օրինաչափ․

-Երեխան ազգի ապագան է, գիրքը` անցյալը։

Ավելի ճշգրիտ ձևակերպում դժվար է անել։

Կոտորածի և գաղթի ճանապարհին հայ կանայք փրկել են բազում գրքեր, դրանցից ամենահայտնին երկու փութ՝ 32 կգ ծանրությամբ «Մշո Ճառընտիրն» է, որը բաժանել են երկու մասի, որպեսզի տեղափոխելը հեշտ լինի․․․

Պատկերացրե՛ք, երկար քայլելուց հոգնած, քաղցած, ծարավ, կողքին իր փոքր երեխաները կամ ծեր ու հիվանդ մայրը կամ տատը, այդ կանայք շալակած տարել են այդ ծանրությունը։ «Մշո Ճառընտիրն» այդ կանայք հասցնում են Հայաստան և փրկում մեր ժողովրդի անցյալից մի պատառ։

100 տարի է՝ այդ փրկված գիրքը Մատենադարանում է։

Ես էլ փորձեմ իմ խոհերը ներկայացնել։

Մենք դեռ չենք մոռացել մեր դիցերին, և դա բարեբախտություն է և անցյալի ու

հոգու փրկություն։

Մենք գիր ու դպրության դից ենք ունեցել, ում պատվին նաև մեր արքաներին ենք անվանակոչել՝ Տիր՝ Տիրիդատ-Տրդատ։

Հայի համար երեխան եղել է Աստծո ամենամեծ պարգևը․

«Տունն առանց երեխայի հանգած, մարած օջախ է»:

«Տունն առանց երեխայի անլեզվակ զանգ է»:

«Սիրո պտուղը երեխան է»:

Ես մի պատմություն եմ լսել բառացիորեն մի քանի օր առաջ և ցնցվել, բայց այն լիովին տեղավորվում է այս հարցադրման փիլիսոփայության մեջ։

Կոտորածի ժամանակ տասնյոթամյա մանկամարդ մի մայր, իր երեխային գրկած, սարսափած փախչում է հայրական տուն՝ փրկվելու հույսով. հայրական տանը բոլորը սպանված են լինում, սենյակի անկյունում ` օրորոցի մեջ, երկու տարեկան եղբայրն է հրաշքով ողջ մնացած լինում։ Նա երկու երեխաներին գրկած՝ փախչում է: Երկար գնալուց հետո միանում է գյուղերից ու քաղաքներից բռնագաղթի ենթարկված հայերին։

Միանալով նրանց՝ երկու երեխաների հետ նա իրեն փոքր ինչ ապահով է զգում։

Քարավանում կանանցից մեկը մի բարուրաշոր է տալիս նրան, որ երեխաներից մեկին կապի մեջքին․ կինը երկամյա եղբորը կապում է մեջքին, իսկ իր որդուն պահում է գրկում, որպեսզի երեխայի լաց լինելու ժամանակ կուրծք տա, և թուրք ու քուրդ ուղեկցող զինվորների ուշադրությունը չգրավի։

Գնում էր մանկամարդ մայրը հոգնած, քաղցած, ծարավ, արևահարված, գրկին՝ իր որդին, շալակին՝ երկամյա եղբայրը։

Հանկարծ նրան մոտենում է թուրք, թե՞քուրդ ավազակ մի զինվոր և ուզում է նրանից խլել երեխաներին․ մանկամարդ կինը դիմադրում է, բայց այդ ավազակը ուժգին հարվածում է նրան, կինը հազիվ է պահում իր որդուն գրկում, կողքի կինն օգնում է նրան, որ չընկնի։

Երբ թուրք, թե՞ քուրդ այդ ավազակը նորից է հարվածում, կինը վախենում է, որ կարող են իրեն սպանել և երկու երեխաներին էլ տանել։

Սոսկալի ցավից կծկված՝ մանկամարդ մայրը որոշում է ավազակին տալ իր որդուն և փրկել եղբորը` մտածելով , որ ինքը երիտասարդ է, նոր երեխա կունենա, բայց հոր տան ճրագը կմարի, եթե եղբորը տա թուրքերին։Եվ փրկում է եղբորը։

Գաղթականների հետ նա գալիս է Հայաստան, ամուսնանում է, երեխաներ ունենում, և հաճախ մորմոքով իր որդուն հիշելիս, ասում․

- Աստված ինձ մխիթարություն տվեց, որ հորս օջախը վառ պահեցի։

Ահա այսպիսի կյանքի փիլիսոփայություն, որ երևի քիչ ազգերի է հատուկ։

Աստված հեռու պահի կոտորածից ու զորավիգ լինի հայ ազգին։

Մարի ԲԱՐՍԵՂՅԱՆ-ԽԱՆՋՅԱՆ

Գրող, հրապարակախոս

Հ․Գ․

2015 թիվ, Հայոց Ցեղասպանության 100-ամյակի ծանր խոհերով։

Դիտվել է՝ 381

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ